Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նոյն ի՞նչ մեղք ունի

Նոյն ի՞նչ մեղք ունի
30.11.2017 | 17:03

Միայն գերհանճարեղ մարդու մտքով կանցներ Երևանում գյուղ կառուցել: Կամ այն մարդու, որ փող ունի ու չգիտի` ինչպես վատնել: Նախ` քաղաքը մայրաքաղաքի տեսքի բերեք, հետո քաղաքին գյուղ նվիրեք, որի կարիքը բնավ չունի: Երևանի իշխանությունները որոշել են Երևանում կառուցել Նոյ ազգագրական թաղամաս` 150 միլիոն դոլարով: Թաղամասի ներդրումային ծրագիրը ներկայացրել է Հայաստանի զարգացման հիմնադրամը` քաղաքում կառուցվում է գյուղ, որը պետք է արտացոլի Հայաստանի տարբեր շրջանների մշակույթն ու կենցաղը: Այսինքն` օվկիանոսից օվկիանոս ձգվող Հայաստանում ոչ մի հնարավորություն չկա… գյուղ գնալու` այնքան հեռու են, և գյուղի համն առնել ցանկացող զբոսաշրջիկին մայրաքաղաքում մատուցում են «պոտյոմկինյան մուլյաժ»` վերարտադրելով երևի թե 19-րդ դարի նահապետական կենցաղը: Որ ի՞նչ: Իսկ որևէ մեկի մտքով չի՞ անցել, որ քաղաքում զբոսաշրջիկին հետաքրքրում է քաղաքը, գյուղական զբոսաշրջությունը բոլորովին այլ հասկացություն է, որի համն ու հոտը, իմաստը հենց գյուղում ապրելն է, ոչ թե քաղաքում գնալ ու թանգարանի սկզբունքով մի քանի ցուցանմուշ տեսնելը: 150 միլիոն դոլարով պետք է վերականգնել գյուղերը, ոչ թե քաղաքում ավելացնել անիմաստ շինություններ: Այդ գումարով պետք է ենթակառուցվածքներ ստեղծել` ճանապարհից` ցուցանակ, տարրական հարմարություններ զբոսաշրջիկի համար, որ ուզում է գնալ ու օրն անցկացնել Գառնիում, Գեղարդում, Հաղարծինում, Կողբում, ուզում է բերդերն ու եկեղեցիները տեսնել: ՈՒզում է նորմալ ճանապարհով ոտքով, անվտանգ անցնել, քարերը շոշափել, հազարամյակները զգալ, Հայաստանը հասկանալ ու հիշել: ՈՒզում է գիշերը պատմական հուշարձանները լուսավորված տեսնել, նրանց շրջակայքում հանգստանալ: Դա է պետք զբոսաշրջիկին, ոչ թե խճողված ու խառնիճաղանջ Երևանում… գյուղը: Իսկ երևանցուն պետք է ոչ թե գյուղ, այլ իր Երևանը, որի 100 և ավելի տարիներ հաշվող շենքերը քանդվեցին` տեղում անկապ կառույցներ վեր խոյացնելու համար: Եվրոպական ցանկացած քաղաք ունի պատմական Հին քաղաքը, որ սովորաբար հետիոտնային գոտի է, որտեղ ամեն ինչ պահպանվում է օրենքով, ու բնակիչներն անգամ լուսամուտ փոխելու իրավունք չունեն` առանց քաղաքի իշխանության թույլտվության, որտեղ որևէ փոփոխություն միայն վերականգնում է, բայց երբեք` ոչնչացում:

Զբոսաշրջիկների հորձանքը Հին քաղաքներն արդարացնում է այդ վերաբերմունքը, նորակառույցներ ու ժամանակակից ճարտարապետություն նրանք իրենց տանն էլ ունեն: Ի՞նչ եղավ Երևանին խոստացված Հին քաղաքը: Վստահ եղեք, որ եթե կառուցվի էլ, դառնալու է …նորակառույց, որովհետև 21-րդ դարում 19-րդ դարի շենք չի կառուցվում: Շինարարական տեխնիկան, ճարտարապետների վարպետությունը մի կողմ` այդ շինությունների իմաստը նրանց աուրան է` պատմությունը, որ անցել է ամեն քարի վրայով: ՈՒ իր հետքը թողել: Հասկանալու համար տարբերությունը գնացեք Աշտարակի մերձակա Կարմրավոր եկեղեցի ու մտեք Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի` դարերի տարբերությունը շինարարական հարց չէ և հնարավոր չէ որոշումով ստեղծել կամ վերացնել:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. ՈՒ բնավ հասկանալի չէ` Նոյն ի՞նչ մեղք է գործել, որ բացահայտ անհեթեթությանը որոշել են իր անունը տալ, թե՞ հույս ունեն, որ Նոյի ստվերը կստիպի որևէ զբոսաշրջիկի Երևանում մուլյաժ տեսնելուց հետո հևիհև գնալ իրական գյուղ: Եթե անգամ այդպես է` անդառնալի կորցնելու եք այդ պարապ զբոսաշրջիկին, որ իր մի քանի օրը օտար երկրում վատնելու է խաբեության վրա, ոչ նա, ոչ նրա բարեկամներն ու ընկերները այդ հակագովազդից հետո քարտեզի վրա Հայաստանը չեն որոնի:

150 միլիոնը քամուն տալու փոխարեն կամ քաղաքը քաղաք դարձրեք, կամ` գյուղը` գյուղ: Քաղաքում գյուղ կառուցելը մարազմ է, որը ոչ մի տրամաբանությամբ չի հիմնավորվում:

Դիտվել է՝ 1996

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ